13/04/2011 11:21
Ս. Կարապետյան. Ադրբեջանը թշնամի է քաղաքակրթությանը
«Խորհրդային տարիներին Ադրբեջանի տարածքում հայկական հուշարձանների ոչնչացումը ծպտյալ էր կատարվում, սակայն Արցախյան ազատամարտից հետո տեղի ունեցածն աննախադեպ էր: Մեր հարևան երկիրը պարզապես մի պետություն է, որը թշնամի է քաղաքակրթությանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի տարածքում հայկական հուշարձանների ոչնչացումն անհանգստացնող է, սակայն հետաքրքիր է, որ միևնույն ժամանակ Ադրբեջանը նախահարձակ է լինում:
«Թեզ էին հորինել, թե քրիստոնեական հուշարձանները ոչ թե հայկական, այլ իրենց աղվան նախնիների կառուցած հուշարձաններն են: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ են ադրբեջանցիները ոնչացնում իրենց իսկ նախնիների կառուցած հուշարձանները»,- հարց ուղղեց Սամվել Կարապետյանը:
Նրա խոսքով` այժմ չափազանց բարդ է մուտք գործել Ադրբեջան ու լուսանկարել կամ ուսումնասիրել Ադրբեջանի հայկական հուշարձանները:
«Ամենատարբեր ճանապարհներով ենք լուսանկարներ ձեռք բերել: Անգամ ադրբեջանցիներից են արտերկրի մեր հայրենակիցները գնում լուսանկարներ: Կրասնոդարից գործուղված մի ադրբեջանցուց գնած լուսանկարի շնորհիվ տեսնում ենք, օրինակ, որ Շամախու շրջանի եկեղեցին պայթեցված է»,- տեղեկացրեց Ս. Կարապետյանը:
Ադրբեջանի հայկական հուշարձաններն ուսումնասիրելու համար հուշարձանագետն օգտվում է նաև համացանցից, որտեղ էլ, սակայն, պատկերների ոչ հստակ լինելու պատճառով հնարավոր չէ որոշել` արդյոք լա՞վ վիճակում է հուշարձանը:
«Ադրբեջանում հայկական հուշարձանները ոչնչացվել են խորհրդային տարիներին ու մինչ օրս: Ադրբեջան պետության կեցվածը հայկական հուշարձանների նկատմամբ խիստ թշնամական է: Կորուստը նախ և առաջ մերն է, սակայն միևնույն ժամանակ աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների կորուստն է»,- ասաց Ս. Կարապետյանը:
Հավելենք, որ հուշարձանագետը օրերս կբացի «Ադրբեջանը թշնամի է քաղաքակրթությանը» խորագրով լուսանկարների և «Վարձք» ամսագրի նյութերի ցուցահանդես, որին կհրավիրվեն Հայաստանում գործող բոլոր դեսպանատների աշխատակիցները: