13/04/2011 09:19
Մինսկում այսօր սգո օր է` ի հիշատակ ահաբեկչության զոհերի
Բելառուսի մայրաքաղաքում այսօր սգո օր է հայտարարված` ի հիշատակ ապրիլի 12-ին Մինսկի մետրոպոլիտենի «Օկտյաբրսկայա» (Հոկտեմբերյան) կայարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի:
Պայթյունի հետևանքով, որը Բելառուսի իշխանությունները ահաբեկչություն են որոկավորել, զոհվել է 12 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել 150 հոգի:
Ահաբեկչության դրդապատճառները հայտնի չեն: Տեղի ունեցածի համար պատասխանատվություն որևէ խմբավորում չի ստանձնել:
Նախօրեին Բելառուսի ԱԱԾ-ն հայտարարել էր, որ պայթյունի հետ կապված հետախուզվում է ոմն երիտասարդ` «ոչ սլավոնական արտաքինով»: Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 3 հոգի:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պայթյունը փորձ էր ապակայունացնել իրավիճակը երկրում և չի բացառել, որ կազմակերպիչները կարող են արտասահմանցիներ լինել: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: