13/04/2011 14:56
ԼՂՀ կառավարությունը կանցնի էլեկտրոնային կառավարման համակարգի
ԼՂՀ կառավարությունը և պետական բոլոր գերատեսչությունները շուտով կանցնեն էլեկտրոնային կառավարման համակարգի: Այդ մասին այսօր տեղեկացրեց ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը` Հայաստանից ժամանած մասնագետների և գերատեսչությունների աշխատակազմերի պատասխանատուների հանդիպման ժամանակ:
Հայաստանյան մասնագետների աջակցությամբ կներդրվի «Milberry» ծրագիրը, որը ՀՀ-ի կառավարությունում գործում է ավելի քան երկու տարի և փաստաթղթաշրջանառությունում ապահովում է բարձր արդյունավետություն` խնայելով ժամանակը և աշխատանքում նվազագույնի հասցնելով թուղթ ու գրչի գործածումը: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տնտեսական զարգացման նախարար Կ. Եսայանի խոսքով` ծրագրի ներդրումը կիրականացվի ամենասեղմ ժամկետներում` երկու փուլով` տեխնիկապես և դասընթացների կազմակերպմամբ:
Կառավարման նոր համակարգին այսօր ծանոթացան գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարները: Հայաստանից ժամանած մասնագետների հավաստմամբ` ծրագրի կիրառումը էապես կփոխի աշխատաոճը, աշխատանքները կկազմակերպվեն արագ, առանց ավելորդ երկարաձգման: Համակարգում գոյություն ունի նաև աշխատանքային ծրագիր հասկացությունը, ինչը հնարավոր է վերահսկել: Ներդրվող համակարգն ի վիճակի է գնահատելու յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքը: