14/04/2011 10:23
ԲՐԻԿՍ-ը կոչ է արել զերծ մնալ ուժի կիրառումից Մերձավոր Արևելքում
ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիայի, Չինաստանի, Հնդկաստանի և ՀԱՀ) առաջնորդները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում տիրող իրադրությամբ և կոչ են արել զերծ մնալ ուժի կիրառումից:
«Մենք խորապես մտահոգ ենք Մերձավոր Արևելքում, Հյուսիսային և Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջաններում իրադրությամբ և անկեղծորեն ցանկանում ենք, որպեսզի այդ երկրները հասնեն խաղաղության, կայունության ու բարգավաճման և զբաղեցնեն իրենց արժանի տեղն աշխարհում` ըստ իրենց ժողովուրդների օրինական ակնկալիքների: Մենք կարծում ենք, որ հարկավոր է հարգել յուրաքանչյուր պետության անկախությունը, ինքնավարությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը»,- ՌԻԱ Նովոստիի համաձայն` ասվում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում:
«Մենք մտադիր ենք շարունակել Լիբիայի հարցով համագործակցությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդում: Կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է կարգավորեն իրենց տարաձայնությունները խաղաղ երկխոսության ճանապարհով, որում ՄԱԿ-ը և տարածաշրջանային կազմակերպությունները պետք է համապատասխան դեր ստանձնեն»,- ասվում է փաստաթղթում:
ԲՐԻԿՍ-ի առաջնորդների կարծիքով, 2011 թ. ընթացքում ՄԱԿ ԱԽ-ում բոլոր 5 երկրների միաժամանակյա մասնակցությունը «արժեքավոր հնարավորություն է` խաղաղության և անվտանգության հարցերով համատեղ աշխատանքի, բազմակողմ մոտեցումների ամրապնդման և ՄԱԿ ԱԽ օրակարգում եղած հարցերի հետագա համակարգման համար»: