15/04/2011 11:26
ԱՄՀ. Հայաստանում գնաճը նվազում է
«Մենք տեսնում ենք Հայաստանում գնաճի բավականին արագ տեմպերով նվազում` պայմանավորված 3 հիմնական գործոններով` նվազում են պարենի և վառելիքի միջազգային գները, ակնկալում ենք, որ իրոք այդ գների տատանողականությունը կպահպանվի, բայց չի պահպանվի աճողական միտումը: Այսինքն, ներքին գների որոշակի կայունացում ենք ակնկակլում` պայմանավորված միջազգային գների կայունացմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:
Գնաճի նվազմանը նպաստող երկրորդ գործոն Գ. Տոլոսան նշեց գյուղատնտեսական բարենպաստ տարվա ակնկալիքները և գյուղտնտեսական արտադրանքի համար շատ ավելի բարենպաստ պայմանների առկայությունը, որի արդյունքում կիջնեն գյուղմթերքի գները:
«Կառավարությունը քաղաքականության մակարդակով ճիշտ է արձագանքել` տոկոսադրույքները բարձրացվել են, շարունակվում է բյուջեի պակասուրդի կրճատումը և պահպանվում է շատ հիմնավոր և կուռ մակրոտնտեսական միջավայրը»,- նշեց Գ. Տոլոսան և շարունակեց. «Դրա հիման վրա ենք կարծում, որ գնաճը կշարունակի նվազել և մյուս տարվա առաջին կիսամյակի սկզբներին, թերևս, վերադառնալու է ՀՀ ԿԲ սահմանած միջակայք»: