16/04/2011 10:21
Բակո Սահակյանը շնորհավորել է ոստիկաններին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ։ Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Ոստիկանության հարգելի աշխատակիցներ և վետերաններ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ:
Արցախում արդեն բարի ավանդույթ է դարձել տոնել այս օրը` որպես համակարգի աշխատանքի արժևորման և իմաստավորման օր, և երախտիքի խոսքեր հղել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գործն են դարձրել մեր երկրում իրավակարգի ու օրինականության պահպանումը, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, հանցավորության դեմ պայքարը: Դա չափազանց բարդ ու պատասխանատու աշխատանք է, որի հիմքում անպայմանորեն պետք է ընկած լինեն արհեստավարժությունը, հայրենասիրությունն ու մարդկային բարձր որակները:
Ուզում եմ վստահ լինել, որ ձեզնից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է իր առջև դրված խնդիրների ողջ լրջությունն ու դրանք հաջողությամբ լուծելու անհրաժեշտությունը: Դա կարևոր է հատկապես ժողովրդավարական սկզբունքներ հռչակած մեր հասարակության համար: Իշխանություններն էլ կանեն հնարավորը ձեր աշխատանքային և սոցիալական պայմանները բարելավելու, համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը շարունակաբար աջակցելու ուղղությամբ:
Այս տոնական օրը գլուխ եմ խոնարհում Արցախի այն ոստիկանների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի պաշտպանության: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր նվիրյալներին:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի ոստիկանության բոլոր աշխատակիցներին, վետերաններին ու նրանց ընտանիքներին և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ»: