16/04/2011 11:35
Հորդանանում բախումների ժամանակ վիրավորվել է 48 ոստիկան
Հորդանանի անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են օգտագործել ուրբաթ օրը մայրաքաղաք Ամմանի հյուսիսում գտնվող Զարկա քաղաքում սալաֆիների` ծայրահեղական իսլամիստների ցույցը ցրելու համար։ Ցույցի մասնակիցները պահանջում էին բանտերից ազատել 200 ծայրահեղականների, ովքեր որևէ կապ ունեն Ալ-Ղաիդա շարժման հետ։
Ինչպես հաղորդում է Իտար-Տասս-ը, սալաֆիներն առաջինն են հարձակվել իրավապահների վրա՝ օգտագործելով դանակներ, քարեր և շշեր։ Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 48 ոստիկան, նրանցից 6-ը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։ Իշխանությունները ձերբակալել են 17 իրավախախտների։
Ամմանում ընդդիմադիրների զանգվածային ցույցն անցել է առանց միջադեպերի։ Ցույցի մասնակիցները պահանջել են վարչապետ Մաարուֆ ալ Բախիտի հրաժարականը, որի հրամանով մարտի 24-ին քանդվեց մայրաքաղաքի կենտրոնում երիտասարդության տեղադրած վրանային ճամբարը։ Նրանք նաև պահանջել են ցրել խորհրդարանը և կազմել «աղքատների կառավարություն»։