18/04/2011 11:24
Սիմֆերոպոլում կհարգեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
Ղրիմի հայ երիտասարդների կոմիտեն և Ղրիմի հայերի միությունը ապրիլի 20-ին Սիմֆերոպոլում մոմավառություն կկազմակերպեն` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի:
Ղրիմի հայ համայնքի տվյալներով, ակցիայի շրջանակում Ղրիմի հայ երիտասարդների կոմիտեն, Ղրիմի հայերի միությունը և մյուս բոլոր ցանկացողները հարյուրավոր մոմեր կվառեն ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի. 96 մոմեր կտեղադրվեն խաչաձև` նշանավորելու Ցեղասպանության 96-րդ տարելիցը:
Ինչպես հաղորդում է e-Крым լրատվական գործակալությունը, ակցիան տեղի կունենա Այվազովսկի եղբայրների անվան հրապարակում:
1915-ին Օսմանյան Թուրքիան սկսեց հայերի նպատակաուղղված հալածանքները: Դաժան կոտորածների արդյունքում 1.5 մլն հայ է սպանվել, 500 հազարը` ստիպված բռնել են գաղթի ճանապարհը: Ցեղասպանության արդյունքում աշխարհի շատ երկրներում հայկական Սփյուռք է առաջացել:
Հայերի Ցեղասպանությունն ընդունվել է մի շարք երկրների կողմից` այդ թվում Ռուսաստանի, Գերմանիայի, Կանադայի… Հայոց Ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը: