20/04/2011 11:25
Ա. Մինասյան. Կառավարությունը վարում է կույրի քաղաքականություն
«Քանի դեռ երկրում ապահովված չէ նվազագույն սպառողական բյուջեն, ցանկացած քաղաքականություն դառնում է կույրի քաղաքականություն»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ կենսապահովման նվազագույն բյուջեն սահմանելը քաղաքական կոալիցիայի նախընտրական ծրագրում է եղել, նաև ՀՀ նախագահի ու կառավարության ծրագրերում է:
Ա. Մինասյանը գտնում է, որ պատասխանատու ուժը կամ պետք է կատարի խոստումները կամ հրապարակավ խոստովանի, որ ի վիճակի չէ կատարել խոստումները:
Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու ՀՅԴ առաջարկած օրենսդրական նախագծի հետաձգման մասին Ա. Մինասյանը նշեց, որ որպես պատճառ բերվում է իրատեսական չլինելը և բյուջեում անհրաժեշտ միջոցների բացակայությունը: Պատգամավորի խոսքով` սակայն նախորդ տարի բյուջեի ընդունման ժամանակ ՀՅԴ-ն ներկայացրել էր առաջարկներ, որոնց կիրառումը թույլ կտար հանքարդյունաբերության ոլորտից 11 մլն դրամ լրացուցիչ եկամուտներ ունենալ: Ըստ պատգամավորի` բյուջեում 80 մլրդ դրամ միայն գնաճի հաշվին է մուտք եղել, նաև պետք է մուտքերն ավելանային ստվերային տնտեսության հարկման հաշվին:
«Առաջին երկու ռեսուրսները լիուլի բավարար են: Կառավարությունը չի գնում այդ քայլին, և մենք դա նորմալ մոտեցում չենք համարում»,- նշեց Ա. Մինասյանը: