21/04/2011 13:02
Հուշագիր` նիդերլանդական և հայկական կազմակերպությունների միջև
Այսօր PUM - Նիդերլանդների ավագ փորձագետներ հիմնադրամի և CARD- Հայաստանի Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր` ուղղված գյուղի զարգացմանը:
Հուշագրի ստորագրմանը ներկա էին Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Փիթեր Լանգենբերգը, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
CARD-ի փոխտնօրեն Սևակ Մանուկյանը նշեց, որ CARD հիմանդրամը համագործակցում է PUM նիդերլանդական կազմակերպության հետ 2004թ.-ից և PUM կազմակերպության միջոցով Հայաստան են հրավիրվում կամավոր փորձագետներ, որոնք իրենց խորհրդատվությունն են տրամադրում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում գործող ձեռնարկություններին և ֆերմերային տնտեսություններին:
Նրա խոսքով` 6-7 տարի աշխատանքի արդյունքում, ավելի նպատակային աշխատելու հնարավորություններ ակնկալելով, որոշվեց հուշագիր ստորագրել, որով CARD-ը պարտավորություն է վերցնում իր վրա` կազմակերպել կամավորների այցը Հայաստան, հայտնաբերել հետաքրքիր ծրագրեր, որոնք կամավորների միջոցով կառաջադրվեն, կիրականացվեն և կօգնեն Հայաստանի գյուղատնտեսական զարգացմանը:
«PUM կազմակերեպությունը հուշագրի ստորագրումից հետո ավելի ուղղորդված կաշխատի Հայաստանում` մեր կազմակերպության միջոցով»,- շեշտեց CARD-ի փոխտնօրենը:
Հուշագիրը ստորագրեցին CARD Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի փոխտնօրեն Սևակ Մանուկյանը և PUM Նիդեռնալնդների ավագ փորձագետներ հիմնադրամի տարածաշրջանային համակարգող Օտտո Վագիները:
Օտտո Վագիները իր հերթին տեղեկացրեց, որ 2010թ.-ին Հայաստան են գործուղվել 25 կամավոր, իսկ այս տարի կամավորների թիվը կավելանա ևս 25-ով: