22/04/2011 11:16
Նոր հեռանկարներ` ՀՀ-ից դեղագործական արտադրանքի արտահանման համար
Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության (ԴԱՆ Միություն) ու «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի համագործակցությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ թևակոխել է մի նոր փուլ, որը բացում է Հայաստանից դեղագործական արտադրանքի արտահանման և հանրապետության դեղաշուկայի զարգացման նոր հեռանկարներ։ Այս մասին հայտնեում են Դեղ արտադրողների և ներմուծողների միության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Կարևորելով դեղագործության ոլորտի մարքեթինգի բարձրակարգ մասնագետների պատրաստումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է ԴԱՆ Միության և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի կողմից համատեղ ներկայացված «Մարքեթինգի դասընթաց Հայաստանի դեղագործական ոլորտի համար» դասընթացի ծրագիրը, իսկ օրերս նախարար Տիգրան Դավթյանը վավերացրել է «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի նշված դասընթացի 9 շրջանավարտների հավաստագրերը։
Նշենք, որ դասընթացը մշակվել է միջազգային հայտնի փորձագետ Գերրիտ թեն Հունտեի հետ համագործակցությամբ և ուղղված է արդի միջազգային դեղագործական մարքեթինգի փորձի բացահայտմանն ու կիրառմանը։ Դասընթացի տեսական բաժինը ներկայացնում է միջազգային մարքեթինգի ընդհանուր սկզբունքները, որոնք կիրառվում են համաշխարհային դեղագործական արդյունաբերությունում։ Գործնական բաժինը մասնակիցներին հնարավորություն է տալիս կատարել մարքեթինգային ծրագրերի հնարավոր ուժեղ ու թույլ կողմերի վերլուծություն։ Դասընթացի ժամանակ ուսումնասիրվում են հայաստանյան և արտերկրի տարածաշրջանային շուկաներում դեղագործական մարքեթինգի ժամանակակից ռազմավարությունները և մեթոդները», - ասված է հաղորդագրությունում։