25/04/2011 09:37
Թուրքիայի ԱԳՆ. Օբամայի ուղերձը «միակողմանի էր»
Թուրքիայի իշխանությունները ափսոսանք են հայտնել ԱՄՆ նախագահի շաբաթ օրվա ուղերձի կապակցությամբ, որով Բարաք Օբաման հարգանքի տուրք է մատուցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օսմանյան թուրքերի կողմից կոտորված հայերին: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը:
Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, թե Օբամայի ուղերձը «միակողմանի էր» և «աղավաղում է պատմությունը»: Նրանց կարծիքով Սպիտակ տան ղեկավարի խոսքերը պայմանավորված են ներքին քաղաքական խաղերով և էլ ավելի են բարդացնում թուրքերի և հայերի հնարավորությունը հաշտվել անցյալի հետ:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Բարաք Օբաման հանդես է եկել ավանդական ուղերձով, որտեղ 1915 թվականի իրադարձությունները «սարսափելի» է անվանել` նշելով, որ հայ ժողովրդի ժառանգությունը` հաղթանակ է նրանց հանդեպ, ովքեր ցանկանում էին ոչնչացնել հայերին: Սակայն, հակառակ իր տված նախընտրական խոստումի, Օբաման այդպես էլ չի արտասանել «ցեղասպանություն» բառեզրը: