25/04/2011 10:52
Եմենի նախագահը կհեռանա միայն ընտրություններից հետո
Եմենի նախագահ Ալի Աբդալա Սալեհը պաշտոնից կհեռանա միայն երկրում օրինական ընտրություններից հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նա կիրակի օրը հայտարարել է բրիտանական Բի-բի-սի կորպորացիային տված հարցազրույցում:
«Արևմտյան առաջնորդները կոչ են անում անմիջապես հրաժարական տալ, սակայն ներկայում ես չեմ տեսնում ոչ մեկին, ում կարող եմ փոխանցել իշխանությունը»,- ասել է Սալեհը և հավելել. «Նախագահի պաշտոնում իմ հետնորդի անունը հայտնի կդառնա համաժողովրդական քվեարկության արդյունքում: Իշխանության փոխանցումը պետք է կատարվի բացարձակապես ընտրությունների և հանրաքվեի միջոցով»:
Եմենի առաջնորդը նաև նշել է, որ չի ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ «ապստամբների հետ, որոնց միակ նպատակը պետական հեղաշրջում իրականացնելն է»:
«Ես երկրում քաոս չեմ հանդուրժի,- ասել է նախագահը,- Պետության նոր ղեկավարը կընտրվի ժողովրդավարական ճանապարհով` ինչպես դա պահանջում է Սահմանադրությունը»: Այդ կապակցությամբ Սալեհը պատրաստակամություն է հայտնել երկիր հրավիրել միջազգային դիտորդների: