27/04/2011 12:53
ՀՀ ոստիկանությունում կիրառել են Դանիայի ու Չեխիայի փորձը
Այսօր ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի որոշմամբ հրավիրված խորհրդարանական լսումներին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրեց ԵՄ-Հայաստան բարեկամության քաղաքական շրջանակներից բխող ոստիկանության ոլորտում բարեփոխումների ծրագիրը:
«Ծրագիրն ունի 11 ուղղություններ, որով նախատեսվում է բարեփոխել ոստիկանության համակարգի թե՛ կրթական, թե՛ օրենսդրական, թե՛ մյուս ոլորտները: Միայն նախորդ տարի ավելի քան 70 իրավական ակտեր ենք ընդունել: Ճանաչողական այցեր են կատարվել Եվրոպայի 4 երկրներ, իսկ պլանավորած 200 միջոցառումներից գրեթե բոլորն իրականացվել են դեռևս 2010թ.-ին»,- ասաց նա:
Ոստիկանության պետի տեղակալի խոսքով` բարեփոխվելու է կրթական համակարգը, և այդ կապակցությամբ ՀՀ կառավարությունը հաջորդ նիստում կհաստատի Ոստիկանական ակադեմիայից զատ ոստիկանական քոլեջ ստեղծելու առաջարկը:
Անդրադառնալով համայնքային ոստիկանության ստեղծմանը` Ա.Օսիկյանը նշեց, որ ոստիկանության համայնքային կետեր արդեն բացվել են մայրաքաղաքի մի շարք թաղամասերում. օրեր առաջ նման կետ բացվեց Խանջյան փողոցի վրա: Իսկ համայնքային ոստիկանության ստեղծման նպատակն է` բնակչությանն ավելի մոտեցնել համայնքին:
«Այս առումով մենք կիրառել ենք Դանիայի ու Չեխիայի փորձը: Նախատեսում ենք, որ հենակետերը նպատակ հետապնդեն ոչ միայն ահազանգի հետևից գնալ, այլև այլ օգտակար ծառայություն մատուցել քաղաքացուն»,- ասաց նա:
Ա.Օսիկյանը հավելեց նաև, որ համայնքային ոստիկանության նոր հենակետերի ստեղծման հարցում ԵԱՀԿ-ն աջակցում է միայն որոշակի տեխնիկական մակարդակով ու շինարարության համար որոշակի ֆինանսական հատկացումներ չի կարող անել: Դրանք կառուցվում են տեղական միջոցներով: