29/04/2011 10:36
Հայ և սփյուռքահայ գործարարները կմիավորվեն ՀԱՑ-ում
Այսօր Երևանում մեկնարկել է «Հայկական առևտրական ցանց» (ՀԱՑ) ստեղծելու հիմնադիր խորհրդաժողովը: Այն նախաձեռնել են ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայ-կանադական գործարար խորհուրդը` Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ:
Երկօրյա խորհրդաժողովին մասնակցում են 9 երկրներից շուրջ 30 ներկայացուցիչներ:
«Անցնող 20 տարիների ընթացքում սփյուռքահայերը և գործարարները, իրոք, մեծ ներդրումներ արեցին մեր երկրի զարգացման համար: Դրանք եղան և անհատական և տարբեր կազմակերպությունների միջոցով: Այսօր հասունացել է պահը, որպեսզի աշխարհասփյուռ հայ ժողովրդի լավագույն ներկայացուցիչների, որոնք, ի դեպ, աշխարհում ամենաշտն են, գործարարների, ահռելի ներուժի համախմբման համար»,- ողջույնի խոսքում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով` պետք է ստեղծել կառույցներ, որոնք ավելի ակտիվացնեն Հայաստան-Սփյուռք կապերը տնտեսության բնագավառում: Հ. Հակոբյանը շեշտեց, որ Հայաստանում հայ մարդը կարող է նաև շահ ունենալ, գումար վաստակել, Հայաաստանին պետք չեն բարեգործություններ, այլ պետք են զարգացման ծրագրեր:
Խորհրդաժողովի անցկացման հիմնական նպատակն է ստեղծել «Հայկական առևտրական ցանց» ընկերակցությունը, որի գործունեության առանցքային խնդիրներից է` ձևավորել գործող հայկական գործարար ընկերակցությունների (միավորումների) համահայկական ցանց, խթանել առևտրաարդյունաբերական պալատների կամ բիզնես խորհուրդների ձևավորման գործընթացը և նպաստել ծագումով հայ գործարարների ներգրավմանը վերոհիշյալ կառույցներում, նոր գործարար ընկերակցությունների ստեղծմանը Սփյուռքի այն երկրներում, որտեղ դրանք դեռ ձևավորված չեն: Գործարար ընկերակցությունների և ներգրավված անդամների միջև հաղորդակցությունն ապահովելու նպատակով ստեղծել համագործակցության հարթակ` նպաստելով բիզնես նախագծերի, ծրագրերի համատեղ իրականացմանը:
«Հայկական առևտրական ցանց» ընկերակցության նպատակներից է նաև ստեղծել նոր հնարավորություններ` ոչ միայն Հայաստան-Սփյուռք, այլև Սփյուռք-Սփյուռք գործարար կապերը ամրապնդելու, համահայկական գործարար ցանց` համազգային նշանակություն ունեցող հարցերին աջակցելու համար, նաև` Հայաստանի և Արցախի ներդրումային մթնոլորտի և նոր ներդրումային հնարավորությունների վերաբերյալ` Սփյուռքի գործարար և համայնքային կառույցներին տրամադրել տեղեկատվություն և առաջարկել ծրագրեր, տարբեր երկրների փորձի կիրառմամբ, աջակցել Հայաստանի բիզնես մթնոլորտի բարելավմանը, հնարավոր պարզեցմանը: