29/04/2011 12:51
ՄԻՊ-ը վերահաստատում է միջնորդ դառնալու պատրաստակամությունը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հայտարարությամբ` վերահաստատելով իր պատրաստակամությունը ցանակացած ժամանակ հանդես գալ որպես միջնորդ պետության և հասարակության տարբեր խմբերի միջև:
«Հաշվի առնելով Հայ ազգային կոնգրեսի ու իշխանությունների միջև ձևավորվող քաղաքական երկխոսության ներկայիս զարգացումները,
Շարունակելով հավատալ, որ այդ երկխոսությունը կարող է հանգեցնել 2008 թվականի մարտի ցավալի իրադարձությունների հետևանքով մի շարք մարդկանց խախտված իրավունքների պաշտպանությանը,
Հավաստելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է միջամտել քաղաքական գործընթացներին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, այն էլ բացառապես մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով,
Ընդունելով Հայ ազգային կոնգրեսի և իշխանությունների պնդումները՝ միջնորդի կարիք չունենալու մասին և ներկա իրավիճակում նպատակահարմար չհամարելով կողմերին ներկայացնել գրավոր առաջարկներ,
Վերահաստատելով իմ պատրաստակամությունը ցանակացած ժամանակ հանդես գալ որպես միջնորդ պետության և հասարակության տարբեր խմբերի միջև՝ ի շահ մարդու իրավունքների պաշտպանության,
Դիմելով հատկապես մեր այն համաքաղաքացիներին, ովքեր գտնում են, որ 2008 թվականի մարտի ցավալի իրադարձությունների հետևանքով դեռևս վերականգնված չեն իրենց խախտված իրավունքները`
Հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կշարունակի նշված խնդիրների լուծմանն ուղղված իրավիճակի իր դիտորդական գործառույթը, ինչպես նաև պատրաստ է ընդունել անհատական դիմումներ այս և այլ խնդիրների առնչությամբ», - ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ` ասված է Պաշտպանի հայտարարությունում: