30/04/2011 11:02
Փորձագետ. Արցախի ՊԲ-ն արժանի հակահարված կտա Ադրբեջանին
«ԼՂՀ մարտական դիրքերում հակառակորդի կրակից զոհված ցանկացած հայ զինվորի կորուստը մեր բոլորի կարուստն է, որի համար սգում է ողջ ժողովուրդը: Ցանկացած հայ զինվորի համար, ովքեր կանգնելով սահմանին ապահովում են նույն ժողովրդի անվտանգությունը, մտածում են բոլոր հայերը` սկսած Կալիֆորնիայից մինչև Ավստրալիա: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն իրենց բանակի ներքին խնդիրներից և երկրում տիրող քաղաքական լարված իրադրությունից ժողովրդի ուշադրության շեղման, ավելին` նրանց մշտապես լարված իրադրության մեջ պահելու համար սանձազերծում են նման դավադիր քայլեր: Մշտական արհեստածին պատերազմական վիճակը նաև շատ ներքին հարցեր է լուծում` չհաշված նաև արտաքին քաղաքականության հարցերը,- անդրադառնալով ԼՂՀ ՊԲ մարտական դիրքերից մեկում ադրբեջանցի դիպուկահարի կողմից սպանված երկու զինծառայողների փաստին՝ Aysor.am-ին ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, ադրբեջանական բանակի լկտիության մակարդակի աճի հետ լցվում է նաև բովանդակ հայ ժողովրդի համբերության բաժակը:
«Եթե նրանք այս գործողությունները իրականացնում են հայ ժողովրդին ահաբեկելու համար, ապա չարաչար սխալվում են. մեր երիտասարդները ծառայությունից խուսափելու փոխարեն ավելի շատ վրեժով են լցվում: Ես համոզված եմ, որ Արցախի պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները միանշանակ արժանի հակահարված կտան: Հայկական կողմի հարվածները ևս ժամանակի հետ դառնում են նրանց համար ավելի ցավալի, սակայն այլ հարց է, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է հմտորեն թաքցնել այդ կորուստները կամ անգամ կեղծել տարբեր ժամանակներում և տեղերում զոհված զինվորների ինքնությունը»,- ասաց փորձագետը:
Ըստ Հովհաննիսյանի՝ այստեղ սակայն խնդիրը մնում է նորից միջազգային կազմակերպություններին:
«Ադրբեջանի կողմից իրականացված ցանկացած նախահարձակ գործողություն պետք է դատապարտվի: Եթե այդ կազմակերպությունները ցանկանում են լուծել Արցախյան հիմնախնդիրը պետք է լինեն անաչառ` ընդհուպ մինչև ցանկացած նախահարձակ գործողություն պիտի դառնա քննարկման առաձին թեմա, որը պետք է մանրամասն վերլուծել և հստակ նշել մեղավորներին»,- ասաց բանախոսը: