02/05/2011 09:12
ԼՂՀ ՊԲ. Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շեշտակի աճ
Ի տարբերություն ընթացիկ տարվա նախորդ շաբաթների, անցած յոթնօրյակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շեշտակի աճ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ քարոզչության և լրատվության բաժինը:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից սահմանահատվածի ողջ երկարությամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ` արձակելով ավելի քան 2700 կրակոց:
«Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել ապրիլի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում: Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը «АК», «СВД», «Սև նետ», «ПК», «ДШК», «УТЕС» տիպի զինատեսակներից շփման գծի հարավարևելյան, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա, միայն երեք օրվա ընթացքում արձակել են շուրջ 1800 կրակոց», - ասված է ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունում: