02/05/2011 10:40
Հիմնվեց Տեղեկատվական վեճերի խորհուրդ
«Դատարանին դատում է ժողովուրդը»,- «Մամուլի ազատություն» խորագրով ֆորումի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` հայտարարելով ՄԻՊ նախաձեռնությամբ Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնադրման մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-մայիսի 1-ը Ծաղկաձորում կայացավ Մարդու իրավունքներ. Պաշտպանի լսարան» համաժողովների շարքի առաջին` «Մամուլի ազատություն» խորագրով ֆորում, որը կազմակերպել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը` Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Կ. Անդրեասյանը հայտնեց, որ խորհրդի հիմնական նպատակն է պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաև անձի արժանապատվությունը և մասնավոր կյանքի իրավունքը` այդ իրավունքների իրացման ընթացքում ծագող դատական վեճերի դեպքերում փորձագիտական եզրակացություններ հրապարակելով, որոնք հիմնված են ՀՀ օրենսդրության, միջազգային իրավական ակտերի և էթիկայի նորմերի վրա:
Կ. Անդրեասյանը ներկայացրեց խորհրդի հիմնադիր անդամներին` (Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար), Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան, «Արնի Քոնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյան, «Արմմեդիա» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյան): Խորհրդի կազմը կարող է համալրվել:
«Խորհուրդը երաշխիք կհանդիսանա լրագրողների համար, որ իրենց շահերը պաշտպանող մարմին կա: Այս մարդիկ այնքան հեղինակություն ունեն, որ կպաշտպանեն երկու կողմերի շահերը` և՛ զրպարտված մարդկանց, և՛ լրագրողների»,- ասաց Կ. Անդրեասյանը: