03/05/2011 11:44
Կստեղծվի Հայ-ռուսական ՀԿ-ների միություն
Մայիսի վերջին Հայաստանում կանցկացվի հայաստանյան և ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների համատեղ խորհրդաժողով, որի հիմնական նպատակն է Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության ստեղծումը: Խորհրդաժողովի համակարգող Արսեն Մկրտչյանն Aysor-ին հայտնեց, որ նաապես ծրագրվել էր խորհրդաժողովն անցկացնել մայիսի 5-7-ը, սակայն մասնակցել ցանկացող ՀԿ-ներն այնքան շատ են, որ ժամանակի սղության պատճառով ժամկետը հետաձգվել է: Այս պահի դրությամբ հայկական շուրջ 170 ՀԿ-ներ միացել են հայ-ռուսական ՀԿ-ների միության ստեղծման հուշագրին, և դրանց թիվն օր-օրի ավելանում է:
«Միությունը ոլորտային ուղղվածություն չունի, քանի որ ՀԿ-ները ներկայացնում են տարբեր ոլորտներ` մշակույթ, առողջապահություն, սոցիալական, փախստականների պաշտպանություն, այլընտրանքային ուղղություններև այլն»,- ասաց Ա. Մկրտչյանը:
Բազմապիսի ոլորտներում գործող կազմակերպությունների համակարգված գործակցությունը թույլ կտա նոր ձևաչափի հարաբերություններ հաստատել հայաստանյան և ռուսաստանյան իրավապաշտպանների, գործարարների, գիտության և մշակույթի գործիչների, մարզիկների, արհմիությունների ու տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների միջև:
Նախաձեռնողների համոզմամբ` հայ-ռուսական բարեկամական և գործընկերային հարաբերություններում վաղուց արդեն առաջացել է հասարակական հատվածի մակարդակով նոր ձևաչափի հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը: Մինչ այժմ գոյություն չունեցող նման խոշոր միջազգային միավորումը տարատեսակ խնդիրների բարձրացման հնարավորություն կստեղծի անդամագրված ՀԿ-ների համար և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի տարածքում:
Համաժողովին նախորդող օրերին կանցկացվեն թեմատիկ կլոր սեղաններ ըստ ոլորտների: ՀԿ-ների խմբերը կքննարկեն առաջնային հարցերն ու խնդիրները, միևնույն ժամանակ կմշակվեն Հայ-ռուսական ՀԿ-ների միության ստեղծմանն առնչվող գաղափարական ու կանոնադրական դրույթները: