04/05/2011 11:02
Գոգենի «Երիտասարդ թաիթուին» վաճառվել է 11.3 մլն դոլարով
Փոլ Գոգենի «Երիտասարդ թաիթուին» փայտե արձանիկը Նյու Յորքի Sotheby's աճուրդի տանը վաճառվել է 11.3 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է Լենտա.ռու-ն` վկայակոչելով «Associated Press» գործակալությանը:
Քանդակը զարդարված է մարջանների և խխունջների ուլունքներով, որոնք Գոգենը հավաքել էր Թայիթիում ապրելու ժամանակ։ Արձանիկն պատրաստված է թայիթցիների համար սուրբ ծառ հանդիսացող թամանուից, իսկ աղջկա ականջները` շիմշատից։ Աղջկա ձախ ականաջն զարդարված է եղել ծաղիկով։ Հետևի կողմից՝ աղջկա պարանոցի վրա, երկու աղվեսի պատկեր է` նշան, որը հաճախ է օգտագործել Գոգենն իր ստեղծագործություններում։
Մոտ 25 սմ բարձրություն ունեցող արձանիկը համարվում է գեղանկարչ-իմպրեսիոնիստի միակ ավարտուն կիսանդրին, հաղորդում է գործակալությունը և նշում, որ այն գնահատվել էր 10-15 մլն դոլար:
1894-ին Գոգենն արձանիկը նվիրել է իր ընկերոջ աղջկան՝ 10 ամյա Ժաննա Ֆուրնեին, քանի որ խոստացել էր ճամփորդությունից ինչ-որ բան բերել։ 1961-ին Ֆուրնեն քադակը նվիրել է Դոմինիկյան միաբանության մի քահանայի, ով հանձնել էր «Sotheby's» աճուրդի տանը` վաճառքի համար։ Դրանից հետո մոտ 50 տարի արձանն անհասանելի է եղել հանրության համար: