06/05/2011 12:21
Հուշագիր` Էկոնոմնախարարության, ԱԱՊ-ի, ԶՀԳ-ի և ՀԳԱՄ-ի միջև
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջև ստորագրվեց «Ինֆորմացիայի և ռեսուրսների փոխանակման համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրեցին Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը, ԶՀԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը:
«Ֆորմալացրեցինք հարաբերությունները, որ կային չորս կառույցների միջև: Սրանք այն կառույցներն են, որոնք, իրոք, պետք է նպաստեն երկրի զարգացմանը»- ասաց Տ. Դավթյանը` շեշտելով, որ բոլոր կառույցներն ունեն իրար հետ աշխատելու տարիների փորձ:
Նրա բնորոշմամբ` պետք են կայուն հարաբերություններ, յուրաքանչյուր կառույց ունի իր ռեսուրսներն ու հնարավորությունները, և այս հուշագրով այդ ռեսուրսները դրվում են մի տեղ և բոլորի համար հավասարապես մատչելի են դարռնում: Տ. Դավթյանի կարծիքով, հուշագիրը բավականին կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը:
Ա. Ղազարյանն ընդգծեց, որ հուշագրի կողմերը չեն գտնվում մրցակցային դաշտում, տարիներ շարունակ համագործակցել են, իսկ հուշագիրը կնպաստի գործարար աշխարհի աշխատանքին:
Մ. Սարգսյանը նշեց, որ հուշագիրը նոր որակ կհաղորդի համագործակցությանը, նոր ծրագրերի առաջադրմանը. «Կկարողանանք ավելի ակտիվ միասնականության մեջ ճիշտ ուղղություններ նկատել և պիտանի լինել գործարար համայնքին»:
Ռ. Հարությունյանը կարևորեց տնտեսության զարգացման այս փուլում ռեսուրսների համադրված աշխատանքը, ինչը հնարավորություն կտա ավելի հեշտորեն հասնել կառույցների առջև դրված նպատակներին:
Հուշագրի նպատակն է ստորագրող կողմերի միջև ընդլայնել տեղեկատվության և ռեսուրսների փոխանակմանն ուղղված համագործակցության շրջանակները և գործարար միջավայրի բաելավման ու նորարարությունների ներդրման միջոցով զարգացնել պետական-մասնավոր հատվածների համագործակցությունը` հիմք ընդունելով համագործակցեւթյան և փոխադարձ շահերի պաշտպանության սկզբունքները: