07/05/2011 09:27
Օբաման շնորհավորում է, ՀԱՄԱՍ-ը և Թալիբանը` դատապարտում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Ֆորտ-Քեմպբել ռազմաբազա` անձամբ շոնրհակալություն հայտնելու ամերիկացի հատուկ ջոկատայիններին, ովքեր մասնակցել են «Ալ Քաիդա» խմբավորման առաջնորդ Ուսամա բին Լադենի ոչնչացման օպերացիային:
Միևնույն ժամանակ, «համար մեկ ահաբեկիչ» բին Լադենի սպանությունը բողոքի և դատապարտման ալիք է բարձրացրել մահմեդական աշխարհի որոշ շրջանակներում:
ՀԱՄԱՍ իսլամիստական խմբավորման ղեկավար Խալեդ Մեշաալը դատապարտել է բին Լադենի սպանությունը` այն անվանելով «ոչ իրավաչափ»:
«Թեպետ մենք դատապարտում ենք «Ալ Քաիդայի» մեթոդները, հատկապես ուղղված խաղաղ բնակչության դեմ, մենք դեմ ենք, որ ԱՄՆ-ը կամ որևէ այլ երկիր ոչ դատական կարգով մահապատիժների դիմի», - ասել է Մեշաալը և դատապարտել «արաբական և մահմեդական արյուն թափելը և նրա (Aysor` բին Լադենի) մարդկային արժանապատվությունը ոտնահարելը», որոնք արտահայտվեցին բին Լադենի սպանությամբ և նրա մարմինը ծովն իջեցնելով:
Աֆղանստանում տեղակայված Թալիբան շարժումը, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից բին Լադենի սպանությունը նոր ազդակ է օկուպանտների դեմ Աֆղանստանում պայքար մղելու համար: Այս մասին հաղորդում է Բի-բի-սի-ն: