09/05/2011 12:55
Շուշիի հաղթանակը` զոհի բարդույթից ձերբազատվելու առաջին քայլ
«Խրամատներում 3 ընկեր իրար հետ նստած էինք: Էն կողմից կրակում են, էս կողմում 3 հոգի, ճար չկա` ավտոմատներով չես կարող գնդացիրների դեմ կռիվ տաս: Տղաներից մեկը ձեռքը տարավ գրպանը, մի ծիրանի կուտ գտավ, կծեց, տվեց մյուսին, հետո` մյուսին, երեքով միասին մի կուտ կերան: Մեկը ես էի, հետո ֆիքսեցինք, որ ամեն-ինչ այդպես ենք անում` 3 մասի ենք կիսում ցավն էլ, ուրախությունն էլ, ամեն-ինչն էլ...»,- Aysor-ի հետ զրույցում իր հուշերը կիսեց ղարաբաղյան ազատամարտի մասնակից, հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանը:
Կարևորելով Շուշիի հաղթանակը` Վ. Հարությունյանն ասաց. «Մեր ազգը զոհի մեծ բարդույթ ունի: Շուշիի ազատագրումը և Շուշիի հաղթանակը բարդույթից ձերբազատվելու առաջին քայլն է: Իզուր չէ, որ այդ հաղթանակը շատ է արժևորվում, որովհետև դա միայն Ղարաբաղն ազատագրելու, Ղարաբաղը միացնելու խնդիրը չի լուծել, այն ազգային մտածելակերպի մեջ մեծ բեկում մտցրեց` հեռացնելու մեզ այն մտքից, որ մենք միշտ զոհ ենք, թույլ ենք, և դրանով հավաստելով, որ մենք այս հողի տերն ենք: Դա է ամենամեծ միտքը, որ կապված է Շուշիի հետ»:
Վ. Հարությունյանի խոսքով, որքան շատ այդ հաղթանակը որպես գաղափարախոսության հենք օգտագործենք, այնքան մեր ազգը շուտ կազատվի ցեղասպանական բարդույթից:
Վ. Հարությունյանը նշեց, որ այսօր միտում կա հայրենասիրության մասին խոսել ամենուրեք, բայց, ցավոք սրտի, իրականությունը շատ ավելի կեղծ արժեհամակարգի վրա է կառուցված. «Իսկական հայրենասիրությունը սկսվում է այբբենարանից, նրանից, որ մարդը դրսում աղբը չի թափում գետնին, հայեցի խոսք արտաբերելուց, լեզվամտածելակերպը պահպանելուց, օտարամոլությունից ձերբազատվելուց, սեփական արմատների ճանաչումից, պատմական հիմքերը գտնելուց, մեր տեղը գտնելուց, մեր պապերի ժառանգությունը մեր մեջ զգալուց, մեր գենոֆոնդը արթուն պահելուց: Իսկ ազգային պատկանելությունը չգիտակցող ազգն արդեն դառնում է ժողովուրդ»: