09/05/2011 17:48
ՆԱՏՕ-ի օդուժը Լիբիայում 1 օրում ոչնչացրել է ռազմամթերքի 32 պահեստ
ՆԱՏՕ-ի երկրների ինքնաթիռները, որոնք մասնակցում են Լիբիայում «Միավորված պաշտպան» գործողությանը, կիրակի իրականացրել են 159 թռիչք, այդ թվում` 64 մարտական` ոչնչացնելով ռազմամթերքի 32 պահեստ, 5 հրթիռային կայան, ինչպես նաև` այլ ռազմական տեխնիկա և օբյեկտներ: Այս մասին երկուշաբթի հայտնել է դաշինքի մամլո ծառայությունը:
Ընդհանուր առմամբ, մարտի 31-ից, երբ գործողությունն անցել է ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո, իրականացվել է 5822 թռիչք, դրանցից 2326-ը` մարտական:
Փետրվարի կեսերից Լիբիայում սկսվեցին զանգվածային ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի երկիրը ղեկավարող Մուամար Քադաֆիի պաշտոնանկությունը: Ցույցերը հետագայում վերածվեցին կառավարական ուժերի և ապստամբների միջև զինված հակամարտության:
ՄԱԿ ԱԽ-ն մարտի 17-ին բանաձև ընդունեց, որով Լիբիայի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարվեց և թույլատրվեց արտերկրյա ռազմական միջամտությունն այդ երկրում: Մարտի 19-ին սկսված գործողությանը մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ, Կանադայի, Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի, Դանիայի և Նորվեգիայի ուժերը: