10/05/2011 11:04
ՀՀ և ԼՂՀ նախագահները մասնակցել են տոնական միջոցառումներին
Մայիսի 9-ին Արցախի Նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում մասնակցել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին:
Հայկական երկու հանրապետությունների նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Այնուհետև նախագահներն այցելել են Շուշի քաղաք, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Նրանք ներկա են գտնվել Շուշիի Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցում մատուցված հանրապետական մաղթանքին:
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Բակո Սահակյանը ներկա է գտնվել նաև Եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած տոնական համերգին:
Տոնական միջոցառումներին մասնակցում էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի Հանրապետության ղեկավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը, Սփյուռքի ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած հյուրեր: