11/05/2011 10:08
Լազուրե ափում բացվում է Կաննի 64-րդ կինոփառատոնը
Միջերկրական ծովի Լազուրե ափում բացվում է Կաննի 64-րդ կինոփառատոնը, որի շրջանակներում կցուցադրվի 86 լիամետրաժ ֆիլմ, որոնցից 54-ն ընդգրկված են կինոֆորումի պաշտոնական ծրագրում և պայքարում են մրցանակների համար:
Ինչպես հաղորդում է Վեստի.ռու-ն, փառատոնի գլխավոր ծրագրում ընդգրկված է 20 ֆիլմ, որոնք ընտրվել են ներկայացված գրեթե 1,5 հազար կինոնկարներից: Ամենից շատը ներկայացված է Ֆրանսիան` 4 կինոժապավեն: Երկուական կինոնկար կներկայացնեն Դանիան, Իտալիան և Ճապոնիան, մեկական` ԱՄՆ-ը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Իսրայելը, Ֆինլանդիան, Ավստրիան, Գերմանիան, Թուրքիան և Ռումինիան:
Փառատոնի ժյուրին գլխավորում է հանրահայտ ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբերտ Դե Նիրոն:
Կաննի 64-րդ փառատոնը կբացվի Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» կինոնկարով, որտեղ նկարահանվել է նաև Ֆրանսիայի նախագահի կինը` Կարլա Բրունի-Սարկոզին:
Կինոդիտումը կավարտվի մայիսի 22-ին: