11/05/2011 11:24
Երևանում բացվեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը
Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 10-րդ մասնաշենքում հանդիսավորությամբ բացվեց Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ): Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Մայքրոսֆթ»-ի, «Դելլ»-ի, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
«ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության առավել արագ, դինամիկ զարգացող ոլորտներից է: Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ոլորտի զարգացմանը, քանի որ այն անմիջական ազդեցություն ունի ամբողջ տնտեսության վրա, կառավարման համակագի վրա»,- ողջունելով կենտրոնի բացումը` ասաց Տիգրան Դավթյանը:
Նա շեշտեց, որ կառավարության կողմից շարունակական ջանքեր են գործադրվում ՏՏ ոլորտի զարգացման համար, և այդ գործում կարևորվում է նաև անդրազգային ընկերությունների մասնակցությունը, մասնավորապես` Մայքրոսոֆթ ընկերության ներկայությունը մեր երկրում և կենտրոնի բացումը. «Համոզված ենք, որ մեր համագործակցությունը կլինի երկարատև»:
Մ. Յովանովիչի խոսքով` ԱՄՆ կառավարությունը քաջալերում է պետություն-մասնավոր հատված նման գործակցությունը. «Հայաստանի, ԱՄՆ կառավարությունները և ՏՏ տեղական հանրությունը մեկ նպատակի շուրջ են հավաքվել` զարգացնել Հայաստանի տնտեսությունը նորարարությունների միջոցով: Մեր միացյալ ջանքերի շնորհիվ Հայաստանի ՏՏ ոլորտում բարձր զբաղվածության աճ է ապահովվել և այն կշարունակվի, քանի որ Հայաստանն առաջարկելու շատ բան ունի ոչ միայն այստեղ, այլև ամբողջ աշխարհում»:
Ա. Աշոտյանը կարևորեց համագործակցությունը «Մայքրոսոֆթ» ընկերության հետ, որովհետև նախարարությունը և դպրոցները ապահովված են որակյալ և օրինական ծրագրերով. «Բարձրագույն կրթության վրա ծախսված մեկ դոլարը10 տարի հետո վերադառնում է 5-ապատիկ: Առանց ԲՈՒՀ-երի տնտեսությունը դատապարտված է և հակառակը»:
Կենտրոնի ստեղծմանն աջակցել են ՀՀ կառավարությունը, «Մայքրոսֆթ ԱրԷյ» ընկերությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի մասին շնորհանդեսը, որի միջոցով ներկաները ծանոթացան կենտրոնի գործունեությանն ու ծրագրերին: