Այսօր ՀՀ կառավարության նիստում համաձայնություն տրվեց «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի կնքման առաջարկությանը: Ինչպես պարզաբանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, այդ պայմանագրի կնքումից հետո Անկախ
պետությունների համագործակցության տարածքում կգործի առևտրային ազատ ռեժիմ:
«Սա ֆենոմենալ համաձայնագիր է` ԱՊՀ-ում կգործի ազատ
առևտրի գոտի, ինչը սկզբունքորեն կփոխի իրավիճակը»,- հայտարարեց Տ. Դավթյանը :
Կառավարությունը որոշեց
հաստատել պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա կապիտալ շինարարության կամ հիմնանորոգման աշխատանքների (առանց օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի) 300 մլն դրամից ոչ պակաս չափով նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների ցանկը:
Գործադիրն ընդունելի համարեց «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ
պատգամավորներ Խաչիկ Հարությունյանի, Հեղինե Բիշարյանի, Մարզպետունի Մանուկյանի և Իշխան Խաչատրյանի
ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին իրավասություն է վերապահվում պահանջներ սահմանել ԱՊՊԱ ոլորտում իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեության նկատմամբ: Հիմք ընդունելով օրենքի հիշյալ հոդվածը` բյուրոն արդեն իսկ
մշակել է համապատասխան կանոնների նախագիծ, որը
դրվելու է առաջիկա խորհրդի նիստի քննարկմանը:
«Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրված ԱՌՄ-Պ1 (ARM-P1) փոխառության մասով իրականացված «ՍԿԱԴԱ/կապի համակարգի առաջին փուլի իրականացում» և «Տեսապատի մատակարարում, տեղադրում, ՍԿԱԴԱ/կապի համակարգին ինտեգրում և կարգաբերում» պայմանագրերի պատվիրատուի իրավունքների և պարտավորությունների իրականացումը գործադիրը վերապահեց «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ին, իսկ «110 կՎ ենթակայանների վերականգնում» պայմանագրի պատվիրատուի իրավունքների և պարտավորությունների իրականացումը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: