12/05/2011 14:10
Լեհաստանի դեսպանը կողմ է ԼՂ հարցի կոմպրոմիսային կարգավորմանը
«Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծի վրա մշտապես կրակահերթեր են տեղի ունենում. դա երկու երկրների բաժանման գիծն է, որտեղ Ղարաբաղից 11 զինվոր է մահացել այս տարի: Իմ կարծիքով չկա կոնֆլիկտի լուծման ավելի ճիշտ տարբերակ, քան խաղաղ և կոմպրոմիսայինն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Դեսպանի խոսքով, երկու կողմերը պետք է առավելագույն ուժեղ կամք դրսևորեն, բանակցություններն էլ պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցությունն, ըստ Զ. Ռաչինսկու, որևէ կերպ նպատակ չունի Կովկասում կոնֆլիկտները կարգավորել. այն պարզապես գործընկերային ծրագիր է:
«Առանց Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի սերտ համագործակցության` Արևելյան գործընկերության ապագան չի կարող լինել նպաստավոր: Այն ամենը, ինչով հետաքրքրված են Արևելյան գործընկերության երկրները, կքննարկենք, դա բաց համագործակցություն է լինելու, որտեղ յուրաքանչլուր երկիր ինքն է ասելու, թե ի՞նչ պահանջների բավարարման կարիք ունի»,- ասաց դեսպան Զ. Ռաչինսկին:
Զդիսլավ Ռաչինսկին նաև հայտնեց, որ նախատեսվում է Լեհաստանի նախագահի այցը Հայաստան. «Հնարավոր է դա լինի հուլիսին, մենք ցանկանում ենք, որպեսզի Եվրամիության` մեր նախագահության սկզբում Լեհաստանի նախագահն այցելի Հայաստան ու տարածաշրջանային այլ երկրներ»:
Նշենք, որ այս տարվա հուլիսի մեկից ԵՄ Խորհրդի նախագահությունն ստանձնում է Լեհաստանը: