16/05/2011 17:10
«Տարածքային ամբողջականությունը սահմանների անխախտելիությունը չէ»
«Տարածքային ամբողջականության սկզբունքը չի նշանակում սահմանների անխախտելիություն: Հակառակ դեպքում աշխարհում նոր պետություններ չէին ձևավորվի, մինչդեռ միայն վերջին 20-30 տարում աշխարհի քարտեզի վրա տասնյակ նոր երկրներ են ի հայտ եկել»,- «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ Ս. Սարգսյանի` Հայաստանն ու Ադրբեջանը իսկապես տարբեր կերպ են հասկանում տարածքային ամբողջականության սկզբունքը. «Բայց դրանք սկզբունքներ են, որոնցով աշխարհն է առաջնորդվում: Այդ սկզբունքները, թե տարածքային ամբողջականությունը, թե ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին անկախություն ստանալու հնարավորություն տվեցին: Ինչ հիմնավորմամբ մի դեպքում դրանք կարող են կիրառելի լինել, մյուսում` այլ կերպ հասկացվել: Դա անտրամաբանական է»:
«Խնդիրը կարող է լուծվել միայն փոխզիջումների հիման վրա: Այս բոլոր տարիների ընթացքում մենք փորձել ենք փոխզիջումներ գտնել: Բայց մի կարմի գիծ կա. Լեռնային Ղարաբաղը պետք է իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինի, իր պատմական հայրենիքում անվտանգ ապրելու բոլոր հնարավորություններն ունենա»,- ասել է ՀՀ Նախագահը` հիշեցնելով, որ հիմնախնդրով զբաղվում է ԵԱՀԿ Միսնկի խումբը, հսկայական ջանքեր է գործադրում Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Անատոլիևի Մեդվեդևը, ինչի համար երախտապարտություն է հայտնել:
Ս. Սարգսյանն ընդգծել է, որ հենց Մինսկի խումբն է առաջարկել այն փաստաթուղթը, որը մենք պայմանականորեն անվանում ենք Մադրիդյան սկզբունքներ: Այն ենթադրում է խնդրի լուծում երեք սկզբունքների հիման վրա. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք ու տարածքային ամբողջականության սկզբունք: Այդ փաստաթուղթը, հիմնականում, բանակցությունները շարունակելու ու խաղաղության մեծ պայմանագրի, մեծ համաձայնագրի մշակմանը ձեռնամուխ լինելու հնարավորություն է տալիս:
«Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչ են նշանակում այդ երեք սկզբունքները: Ադրբեջանցիները երկար մտորումներից հետո նույնպես ասացին «այո», բայց չգիտես ինչու, սկզբունքները յուրովի են հասկանում: Մինչ օրս Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր մակարդակներում և մշտապես սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները: Դա առաջին սկզբունքի խախտում է: Տարածքային ամբողջականության սկզբունքը հասկանալի է թե՛ մեզ համար, թե՛ իրենց համար, թեև տպավորություն է ստեղծվում, որ նրանք միջազգային իրավունքի կոնտեքստից դուրս բացարձականացնում են այն: Իսկ ահա ինքնորոշման իրավունքը նրանք հասկանում են միայն ինքնորոշում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նման ինքնորոշում չի լինում, դա հատվածական, պարզունակ ինքնորոշում է: Ուստի, քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել այդ սկզբունքի իմաստը, խնդրի լուծմանը հասնելը շատ բարդ կլինի: Ղարաբաղն իր անկախությունը ձեռք է բերել արյունահեղ ու դաժան պատերազմում, ծանրագույն պայմաններում, և միամիտ կլիներ ենթադրել, որ ղարաբաղցիները կհրաժարվեն այն ամենից, ինչին հասել են, ինչը ձեռք են բերել»,- «Մոսկովսկիե նովոստի» թերթին ասել է ՀՀ Նախագահը: