17/05/2011 16:30
Հիմնվեց «Հայկական առևտրային ցանցը»
Վերջերս Հայաստանի սփյուռքի նախարարության հովանու ներքո կայացավ Հայաստանի առևտրի տարբեր պալատների և միջազգային տարբեր բիզնես կազմակերպությունների կողմից կազմակերպված համաժողովը: Միջոցառումը մեկնարկեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բացման խոսքով: Երկօրյա քննարկումներից հետո 12 կազմակերպություններ ներկայացնող պատվիրակությունները որոշում կայացրեցին հիմնել համաշխարհային բիզնես ասոցիացիա բոլոր հայ գործարարների համար և անվանեցին այն Հայկական առևտրային ցանց:
Այս անունը խորհրդանշում է հինավուրց հայկական առևտրային այն ցանցը, որը մի քանի դար շարունակ կապում էր Արևելքը Արևմուտքին: Համաժողովի ավարտին հիմնադիր պատվիրակներին ողջունեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով շնորհավորեց և ողջունեց նախաձեռնությունը, արժևորեց դրա կարևորությունը բոլոր հայերի համար և քաջալերեց Սփյուռքի գործարարներին բիզնեսի հնարավորություններ փնտրել Հայաստանում:
Հայկական Առևտրային ցանցի կարգավիճակի և ակնկալվող գործունեության մասին հարցին Հայկական առևտրային ցանցի խորհրդի քարտուղար, Կանադա-Հայաստան բիզնես խորհրդի ներկայացուցիչ Հրաչ Կասպարը պատասխանեց. «Առաջիկա երկու տարիների ընթացքում Հայկական առևտրային ցանցի հիմնադիր ասամբլեան Գլխավոր խորհրդի գործադիր գործառույթները վստահել է Կանադայի պատվիրակությանը, որը նաև հանձնարարություն է ստացել կազմակերպությունը գրանցել ինչպես Կանադայում, այնպես էլ միջազգային ատյաններում: Ես ուրախ եմ տեղեկացնել, որ կազմակերպության գրանցման գործընթացն արդեն ընթացքի մեջ է և մեկ շաբաթում ավարտի կհասցվի: Բացի այդ` կամփոփվեն հայկական տարբեր համայնքների բիզնես ակտիվության մասին տեղեկությունների ընդհանուր բազայի ստեղծման աշխատանքները»: