17/05/2011 10:03
Գեղարքունիքի մարզ. «Դեպի գյուղը» պաշտոնյաները բառացի են հասկացել
Գեղարքունիքի մարզում, ինչպես Հանրապետության մնացած մարզերում առկա են մի շարք խնդիրներ, որոնք հատկապես առնչվում են գյուղատնտեսության հետ: Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի բնակչությանն հուզող խնդիրներին Aysor-ը ևս ծանոթացավ: Խնդիրները ներկայացնելով Գեղարքունիքի մարզի Գանձակի համայնքապետ Վանիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ գյուղում գրանցված է 4 600 մարդ, սակայն դժվարացավ պատասխանել, թե այժմ որքան մարդ է փաստացի բնակվում համայքնում. «Համայնքի լիազորությունները վերցրել են, և ես չգիտեմ իմ բնակիչը որտեղ է ապրում: Գրանցված է, իմ համայնքի բնակիչն է, բայց դուրս է եկել: Այդ լիազորությունը տրված է անձնագրային բաժիններին: Համայքնում կա 1000 տուն, հիմա 350-ի դուռը փակ է»:
«Գանձակը տիպիկ հայ դասական գյուղն է, սակայն այսօր գյուղը հոգեվարք է ապրում: Պետության հիմքերի հիմքը գյուղն է: Մենք աշխարհիս միակ պետություն ենք, որ արյամբ նվաճված հողը, բառիս բուն իմաստով, անտեր է թողել. համայնքի վարչական տարածքի վարելահողի 70 տոկոսը անմշակ է»,-հաղորդեց համայնքապետը և նշեց, որ եթե պետությունը շուռ չգա դեպի գյուղը, գյուղ այլևս չենք ունենա:
Այն հարցադրմանը, որ ՀՀ նախագահը հանձնարարականներ տվել, ոլորտին առնչվող պաշտոնյաների գյուղայցելություններում աշխուժություն է նկատվում և, ի վերջո, քայլեր են կատարվում գյուղացու խնդիրները լուծելու ուղղությամբ, Վանիկ Հարությունյանը պատասխանեց, որ «Հանրապետության նախագահն ասաց` դեպի գյուղ, և որոշ պաշտոնայներ կարծես թե դա բառացի են հասկացել»:
Նշենք, որ համայնքի բնակիչների խնդիրը նույնն է, ինչ հանրապետության գրեթե բոլոր համայնքներինը`վառելք, սերմացու, պարարտանյութ: Այս հարցերը լուծելուց հետո` ցանքաշրջանառություն և սերմաթարմացում:
«Գյուղատնտեսությունը արտադրություն է բաց երկնքի տակ, գյուղատնտեսությունը պահանջում է սուբսիդավորում: Բացի մարդկային գործոնից գործ ունենք բնակլիմայական պայմանների հետ. 5 տարին մեկ երաշտ է լինում, ցրտահարություն, կարկտահարություն... էն տարին էլ, որ գյուղացին բերք է ունենոում, էդ տարին էլ բերքը գին չի ունենում»,- դժգոհեց Վանիկ Հարությունյանը:
Ըստ նրա, գյուղատնետսության առաջարկի և պահանջարկի հարցը պետք է կարգավորի շուկան. «Էսօր մենք շուկա չունենք` ունենք բազար, խաբեբաների շուլերների բազար: Պետությունը այդ ֆունկցիան պետք է իր ձեռքը վերցնի»:
«Ամենակարևորը` հավատն է մեռել: Մարդը չի հավատում, դրա համար էլ մեծ դեմոգրաֆիական շարժ կա»,- համոզված է Գանձակի համայնքապետը:
Նշենք, որ ավանդական արտագնա աշխատանքի մեկնող տարածաշրջանից այսօր էլ տղամարդկանց հիմնական մասը մեկնում է «խոպան»` աշխատանքի: Գյուղում աշխատանք չկա, գյուղատնտեսական նշանակության հողերի մշակումը դժվար է և ոչ բոլորն են տիրապետութում ցանքս անելու ֆինանսական միջոցներին և երիտասարդության հույսը մնում է արտագնա աշխատանքը:
«Մեր գենոֆոնդն ենք կորցնում: Մեր երկիրը հիմա ոչ թե հարաբերական դադարի մեջ է, այլ հարաբերական պատերազմի և սա միայն գյուղի խնդիրը չէ»,- շեշտեց համայնքապետը և համոզմունք հայտնեց, որ ամբողջ պետական ռեսուրսը պետք է ուղղել դեպի գյուղ. «Գյուղը պետության դեմքն է: Բլեֆով երկիր չեն պահի»: