17/05/2011 13:52
Տևեսը կարող է մնալ «Մանչեսթեր Սիթիում»
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ավագ Կառլոս Տևեսը խոստովանել է, որ կարող է մնալ ակումբում, եթե իրեն հաջողվի լուծել ընտանիքի հետ կապված խնդիրները:
Վերջին շաբաթների ընթացքում լուրեր էին տարածվում, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո արգենտինացի ֆուտբոլիստը կտեղափոխվի Միլանի «Ինտեր»: Որոշ աղբյուրներ նույնիսկ հաստատում էին, որ «քաղաքաբնակները» չեն խոչընդոտի ֆուտբոլիստի տեղափոխությանը, քանի որ նրա գործարքի շրջանակներում մտադիր են ձեռք բերել Ուեսլի Սնեյդերի տրանսֆերը:
Սակայն Անգլիայի գավաթի խաղարկությունում տոնած հաղթանակից հետո Տևեսը հայտարարել է, որ դեմ չէ` շարունակելու ելույթները «Սիթիում»: Իսկ դրան միայն մեկ հանգամանք է խանգարում. Կառլոսի ընտանիքը` կինն ու երկու երեխաները, ապրում են Արգենտինայում, և դա որոշակի դժվարություններ է ստեղծում:
«Իմ առաջնահերթությունն ընտանիքն է, և ես ակումբում ոչ մեկի հետ խնդիրներ չունեմ: Ինձ շատ լավ են վերաբերվում: Բայց կա խնդիր, որը մենք պետք է լուծենք: Հեռավորությունն իմ ու ընտանիքիս միջև չափազանց մեծ է: Ես հիանալի հարաբերություններ ունեմ Ռոբերտո Մանչինիի հետ: Երկուսս էլ հաղթողներ ենք: Առջևում դեռ երկու հանդիպում ունենք և կկենտրոնանանք միայն դրանց վրա: Այնուհետև ես կխոսեմ ընտանիքիս ու մյուսների հետ: Դեռ ոչ մի վերջնական որոշում չեմ կայացրել: Ակումբը ցանկանում է պահպանել ինձ, ես նույնպես պատրաստ եմ մնալ, եթե ընտանիքիս հետ կապված խնդիրը լուծվի»,- Տևեսի խոսքերը մեջբերել է BBC-ն: