19/05/2011 19:25
ՆԱՏՕ-ն Լիբիայում կմնա մինչև Քադաֆիի լիակատար պարտությունը
ՆԱՏՕ-ի ուժերը Լիբիայում կշարունակեն ռազմական գործողություններն այնքան ժամանակ, մինչև Մուհամար Քադաֆիի ռեժիմը վերջնական պարտություն կրի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Մենք շարունակելու ենք ռազմական ուժեղ ճնշում գործադրել Քադաֆիի ռեժիմի վրա, և ես հույս ունեմ, որ այդ միջոցների, ինչպես նաև` ուժեղացող քաղաքական ճնշման ու լիբիական ընդդիմության գործողությունների շնորհիվ, կհաջողվի հասնել այդ ռեժիմի կործանմանը», - ասել է Ռասմուսենը:
«Մենք գործելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք կատարել մեր առջև դրված առաջադրանքները», - ասել է նա` Բրատիսլավայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Լիբիայում դաշինքի հիմնական խնդիրը Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից խաղաղ բնակչության ռմբակոծումը դադարեցնելն է: