19/05/2011 10:55
Հրապարակվել է Օսամա բեն Լադենի` մահից առաջ թողած ուղերձը
«Ալ-Քաիդա» խմբավորման ղեկավար Օսամա բեն Լադենի ձայնագրությունը, որն արվել է նրա մահից մի քանի օր առաջ, տեղադրված է ինտերնետում: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը` հղում անելով ծայրահեղական կայքերի մոնիտորինգով զբաղվող «ՍԱՅԹ» կազմակերպությանը:
Ձայնագրության մեջ, ուր ենթադրվում է, որ հնչում է բեն Լադենի ձայնը, ներառված է իսլամական կայքերում հայտնված 12 րոպեանոց քարոզչական տեսագրություն: «ՍԱՅԹ» -ի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ կոչը ձայնագրվել է Օսամա բեն Լադենի մահից մեկ շաբաթ առաջ. Նա մահացել էր մայիսի 2-ի գիշերը Պակիստանի տարածքում`ամերիկյան հատուկ ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած գործողությունների արդյունքում:
Ձայնագրության մեջ բեն Լադենը խոսում է Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունների և մասսայական հակաիշխանական ելույթների մասին, որոնք ներառում են այլ երկրների տարածաշրջաններ ևս:
«Հեղափոխության արևը դուրս եկավ Մագրիբի վրա: Հեղափոխության լույսը եկավ Թունիսից»,-ցիտել է «Ռոյթերս»-ը բեն Լադենի կոչից: «Ալ-Քաիդա»-ի ղեկավարն ասել է, որ Թունիսն առաջինն էր, բայց շուտով «եգիպտացի մարտիկները բերեցին Թունիսի ժողովրդի կողմից վառված կայծը Թախրիր հրապարակ»: