20/05/2011 10:35
Է. Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ
Մայիսի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Պետքարտուղար Քլինթոնը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին, նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կապված են ամուր բարեկամությամբ ու գործընկերությամբ և հարաբերությունները գնալով ավելի են ամրապնդվում և զարգանում: «Արտգործնախարար Նալբանդյանի հետ բազմաթիվ հանդիպումներ են կայացել և ես ուրախ եմ կրկին ողջունել նրան Պետքարտուղարությունում: Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև գոյություն ունեն այնպիսի բազմաբնույթ կապեր, որոնք սկսվում են քաղաքականությունից և հասնում մինչև անձնական հարաբերություններ և ավելին, ինչը մեզ համար շատ կարևոր է: Մենք մեծ նշանակություն ունեցող հարցեր ենք քննարկելու, և ես ակնկալում եմ, որ մենք կշարունակենք մեր այդ կարևոր երկխոսությունը»:
Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Վաշինգտոն այցելելու հրավերի համար, ասել է. «Մեր հանդիպումների հաճախակիությունը վկայում է հայ-ամերիկյան հարաբերություններն առավել խորացնելու և ամրապնդելու մեր հանձնառության մասին և վերջին տարիների ընթացքում մենք համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի վրա ենք բարձրացրել մեր համագործակցությունը»:
Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների դրական ընթացքը, տարածաշրջանային հարցեր:
Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ: Պետքարտուղար Քլինթոնն ընդգծեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, և նշել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջև համաձայնությունների ձեռք բերմանը և հիմնախնդրի հանգուցալուծմանը: