20/05/2011 10:54
Քննարկվում են էլեկտրոնային առևտրի խնդիրները
Այսօր Երևանում մեկնարկել է «Էլեկտրոնային առևտուր: Նոր հնարավորություններ Հայկական շուկայում» թեմայով սեմինար-կլոր սեղան, որը նախաձեռնել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Միջոցառման նպատակն է աջակցել Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացմանը:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը թվեց էլեկտրոնային առևտրի զարգացմանը խոչընդոտող խնդիրները` «Վիզա» քարտերով էլեկտրոնային առևտրի իրականցման անհնարինությունը բանկերի մոտ լիցենզիայի բացակայության պատճառով, քանի որ բանկերը պարզապես չեն կարող սպասարկել առևտրային գործարքները. պարզ չեն էլեկտրոնային առևտրի ծավալները ներդրումներ անելու համար. նաև` իրավական խնդիրներ, հարկային-մաքսային փաստաթղթավորման խնդիրներ: Կ. Վարդանյանի խոսքով, Կենտրոնական բանկի հետ ստեղծվել է հատուկ խումբ, որն աշխատում է այս խնդիրները լուծելու ուղղությամբ:
«Վերջին 3 տարվա միտումները բավականին լուրջ են: 2010 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ անկանխիկ գործարքների ծավալն, ըստ ԿԲ-ի, կազմել է 558 մլրդ դրամ, որը 30 %-ով ավելի շատ է նախորդ տարվա ցուցանշից: Էլեկտրոնային առևտուրն անխուսափելիորեն մեր կյանք է ներխուժել»,- ասաց «Օվերոլ Սոլուշընզ» ընկերության տնօրեն Դավիթ Քոթանյանը:
Սակայն, նրա խոսքով, Հայաստանը համաշխարհային շուկայում դիտարկվում է որպես ռիսկային գոտի, բոլոր տեսակի պայմանները խստացվում են, կամ անմիջապես մերժվում են. «Առաջին քայլերը դժվար են, բայց հաջողություն ունենալու ենք: Անկասկած»:
Սեմինարի ընթացքում կներկայացվեն Էլեկտրոնային առևտրի առկա ենթակառուցվածքները, տեխնիկական և իրավական խնդիրները: Որպես միջոցառման ամփոփում` կգումարվի կլոր սեղան, որի շրջանակներում ընկերությունները կարող են առաջադրել խնդիրներ, որոնք հետագայում կքննարկվեն էլեկտրոնային առևտրի զարգացման միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից: