20/05/2011 12:42
Ներկրվող գյուղռեսուրսներն ազատվում են ԱԱՀ-ից
Գյուղատնտեսության ոլորտում ներմուծվող ռեսուրսները, մասնավորապես՝ գյուղատնտեսական տեխնիկան, մշակաբույսերի սերմերը, պարարտանյութերը, թունաքիմիկատները, ազատվում են ավելացված արժեքի հարկից: Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում:
Նիստից հետո Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը բրիֆինգում պարզաբանեց, որ օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի գյուղատնտեսական տրակտորների, առանձին մեքենաների և դրանց մասերի, պարարտանյութերի, սերմերի, թունաքիմիկատների, իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելով՝ նպաստել այդ ռեսուրսների ձեռքբերման մատչելիությանը, դրանց ներմուծման և օգտագործման ծավալների ընդլայնմանը:
«Դա կբերի գյուղատնտեսության զարգացմանը և, վերջ ի վերջո, մթերքների գների իջեցմանը: Եթե ԱԱՀ չի գանձվելու, ապա մթերքն ավելի էժան պետք է լինի»,- ասաց Ս. Կարապետյանը:
Նրա խոսքով, այս որոշումը կնպաստի նաև գյուղտեխնիկայի թարմացմանը, ինչը նույնպես դրական կազդի գյուղմթերքների գների վրա:
Ս. Կարապետյանը նշեց, որ օրենքն անժամկետ է. «Ֆինանսների նախարարն առաջարկեց ժամկետի սահմանափակում կիրառել, բայց չընդունվեց»: