20/05/2011 11:21
Ռուսաստանում Իսրայելի դիվանագետը «անցանկալի անձ» է հայտարարվել
Մոսկվայում ձերբակալվել և Ռուսաստանից արտաքսվել է Իսրայելի ռազմական ատտաշե, փոխգնդապետ Վադիմ Լեյդերմանը, որն այդ պաշտոնում էր ավելի քան երկու տարի։
Ռազմական դիվանագետը կասկածվում է լրտեսության մեջ։ Նախ այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը, ապա այն հայտնվել է մամուլի էջերում:
Ինչպես նշվում է իսրայելական մամուլում, Վ. Լեյդերմանը ձերբակալվել է մայիսի 12-ին մոսկովյան սրճարաններից մեկում, որտեղ վերջինս հանդիպում էր ռուս բանակի սպայի հետ: Ձերբակլումը , ըստ մամուլի, կարելի է գնահատել որպես Ռուսաստանի կողմից դիվանագիտական անձեռնմխելիության խախտում: Լեյդերմանին հարցաքննել են մի քանի ժամ Անվտանգության դաշնային ծառայությունում, ապա, ինչպես ընդունված է նման դեպքերում, նրան և նրա ընտանիքին տվել են 2 օր Ռուսաստանի սահմաններից հեռանալու համար:
Մայիսի 14-ին Լեյդերմանը վերադարձել է Իսրայել, որտեղ նա ստիպված էր պարզաբանումներ տալ Իսրայելի պաշտպանության նախարարությանը և Ընդհանուր անվտանգության ծառայությանը:
Իսրայելի ուժային կառույցների կողմից իրականացված հետաքքնության արդյունքում պարզվել է, որ Վ. Լեյդերմանին Ռուսաստանի կողմից առաջադրված մեղադրանքները անհիմն են:
Մինչ հետաքննության ավարտը Իսրայելի պաշտոնյաները դիվանագետի` Ռուսաստանից արտաքսման մասին լուրը գաղտնի էին պահում, սակայն ԶԼՄ-ներին հաջողվել է իմանալ այդ սկանդալի մասին:
Երեկ պաշտոնական հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, որում ասվում է, որ Վ. Լեյդերմանը ձերբակալվել է ռուսաստանի քաղաքացուց գաղտնի տվյալներ ստանալու պահին: Նա հայտարարվել է «անցանկալի անձ» և լքել է երկիրը:
Պաշտոնական Երուսաղեմը Ռուսաստանի նկատմամբ կտրուկ հայտարարություններով դեռևս հանդես չի եկել: