20/05/2011 11:04
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհեր
Այս գիշեր Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած 5.7 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժի հետևանքով 4 մարդ զոհվել, ավելի, քան 80-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ռիա Նովոստիի փոխանցմամբ, ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 23:15-ին (Մոսկվայի ժամանակով 00:15-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քյութախիա նահանգի Սիմավ քաղաքը: Ի սկզբանե Բոսֆորի սեյսմոլոգիական համալսարանից հայտնել էին 5.9 մագնիտուտ ուժգնության մասին, սակայն Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, երկրաշարժի հզորությունը կազմել է 5.7 մագնիտուտ:
Ցնցումը զգացվել է Թուրքիայի կենտրոնական և արևմտյան շատ շրջաններում, այդ թվում Ստամբուլում: Առաջին ցնցումից հետո Քյութախիայում առավոտյան, ժամը 06:00-ի շրջանում ավելի քան 50 փոքր ցնցումներ են գրանցվել, այդ թվում` 4.6 մագնիտուտ ուժգնությամբ:
Էպիկենտրոնային շրջանը հոսանքազրկվել է, շատ խարխուլ տներ կործանվել են, բնակելի շենքերում ճաքեր են առաջացել: Տեղի բնակիչները գիշերն ացկացրել են փողոցում` վախենալով նոր ցնցումներից: Աղետի հասցրած վնասների չափերը ճշգրտվում են: