24/05/2011 14:30
Ն. Սարկոզին հյուրընկալում է ինտերնետ ֆորում
Աշխարհի ամենաազդեցիկ ինտերնետ և լրատվական դաշտի ներկայացուցիչները հավաքվում են Փարիզում երկօրյա ժողովի, որը հյուրընկալել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Google-ի, Facebook-ի և Microsoft-ի ղեկավարները ևս մասնակցելու են և քննարկելու են ինտերնետի ապագան: Քննարկման հիմնական թեման լինելու է «ինչպե՞ս» և «ինչքա՞ն» պետք է կարգավորել ինտերնետային ոլորտը:
Քննարկման եզրակացությունները ներկայացվելու են շաբաթվա վերջում կայանալիք G8 գագաթաժողովին, որը տեղի է ունենալու ֆրանսիական Դովիլ հանգստավայրում:
Ինչպես նշում է BBC-ն, սա առաջին անգամ է, որ Մեծ ութնյակի ղեկավարները պետք է քննարկեն ինտերնետի հետ կապված հարցեր:
Դեռևս անցյալ տարի Սարկոզին իր ելույթներից մեկում նշել էր, որ ինտերնետը մի նոր ճակատ է, որը պետք է գրավել: «Այն չի կարող լինել «Վայրի Արևմուտք»: Այն չի կարող լինել անօրեն տարածք, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն անել ամեն ինչ, առանց սահմանների»:
ԱՄՆ-ը, սակայն, այնքան էլ հակված չէր ներառել ինտերնետի հարցը G8 գագաթաժողովին:
Ի տարբերություն Սարկոզիի, նախագահ Օբաման, իր հերթին այցյալում խոսել է ԱՄՆ տնտեսության և արտաքին քաղաքականության համար ինտերնետի ազատության կարևորության մասին:
Նշենք, որ ինտերնետն իր ազդեցությունն ունեցավ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում առաջացած խռովություններում, որտեղ ակտիվիստները սոցիալական ցանցերի միջոցով համախմբում էին մարդկանց: