24/05/2011 13:03
Դատավորը կանգնեցրել է ծառահատումը
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արթուր Մկրտչյանը վարույթ է ընդունել Կոմիտասի 5, 3, 7/1 շենքերի բնակիչների կոլեկտիվ հայցադիմումը ընդդեմ «Լիբեր» և «Ռեմ-Գրուպ» ՍՊԸ-ների, ինչպես նաև բավարարել է հայցվորների միջնորդությունը և որպես հայցի ապահովման միջոց արգելել է պատասխանողներ «Լիբեր» և «Ռեմ-Գրուպ» ՍՊԸ-ներին, ինչպես նաև վերջիններիս աշխատակիցներին Երևան քաղաքի Կոմիտաս պողոտա 5 հասցեում շինարարության իրականացումն ու ծառահատումները:
Քաղաքացիական ազգային նախաձեռնության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը ուշադրության կենտրոնում է պահելու նշված գործը` շարունակելով աջակցել նշված շենքերի բնակիչներին մինչև այս հասցեում վերջնականապես չկասեցվի բազմաբնակարան շենքի կառուցումը և չվերականգնվեն բոլոր կտրված ծառերը, ինչպես նաև հետևողականորեն տեղեկացնելու է հասարակությանը դրա ընթացքի մանրամասների մասին: