25/05/2011 12:51
Արցախում շինարարության ծավալը անցել է 130մլն դոլարի շեմը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստի շրջանակներում մայիսի 24-ին Արցախ էր ժամանել հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներից և հոգաբարձուների խորհրդի անդամներից բաղկացած պատվիրակությունը` գործադիր վարչության տնօրենի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ կառավարությունից:
Քննարկված հարցերի շրջանակը բավական լայն է եղել: Ըստ տեղեկացման.
«Հիմնադրամի ներկայացուցիչներին վարչապետը պատմել է տնտեսության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերի մասին, պատասխանել հնչած տարաբնույթ հարցերին: Շինարարություն և գյուղատնտեսություն. գործադիրի ղեկավարը առանձնացրել է հատկապես այս ճյուղերը: Արա Հարությունյանը Արցախն ու հատկապես մայրաքաղաքը համեմատել է մեծ շինհրապարակի հետ, որտեղ օրեցօր իրենց ավարտուն տեսքն են ստանում նոր դպրոցներ, մանկապարտեզներ, բնակելի շենքեր ու առանձնատներ և տնտեսության զարգացմանը նոր հեռանկար խոստացող այլ կառույցներ:
Վարչապետը հույս է հայտնել, որ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը տեսանելի կլինի շինարարության աճի հետ: Եթե 2005-2006թթ. շինարարության ծավալը 40-50 միլիոն դոլարի շրջանակում էր, ապա այսօր հատվել է 120-130 միլիոն դոլարի շեմը: Շինարարության կտրուկ աճին նպաստել է համահայկական կառույցը:
Հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն Արա Վարդանյանը գոհունակությամբ նշել է այս փաստի խթանիչ հիմնական գործոնը. վերջին 2-3 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի աճին նպաստել է կառավարության համաֆինանսավորումն` իրականացվող բոլոր աշխատանքներում: Ա.Վարդանյանի բնութագրմամբ` այսօր արդեն հնարավոր է 1-ի փոխարեն իրականացնել 2, 10-ի փոխարեն 20 ծրագիր:
Արցախի կառավարության ֆինանսավորմամբ իրականցվող այլ ծրագրերի ընթացքին հիմնադրամի ներկայացուցիչներն ուշադրությամբ են հետևում: Օդանավակայանի պաշտոնական բացման և Ստեփանակերտ-Երևան առաջին թռիչքի հետաձգման վերաբերյալ հիմնադրամի տեղական մարմիններին գործադիրի ղեկավարը տեղեկացրել է հանրապետության նախագահի դիրքորոշումը հարցի առնչությամբ. օդանավակայանը կաշխատի այն դեպքում, երբ կապահովվեն անվտանգության անհրաժեշտ պայմանները.
Արա Հարությունյանը նաև խոսել է վերաբնակեցման, աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերից: Հատկանշական է, որ վերջին 6-7 ամսում 300 ընտանիք է վերաբնակեցվել Քաշաթաղի շրջանում:
Հիմնադրամի ներկայացուցիչները ԼՂՀ գործադիրի հետ հանդիպումից հետո մեկնել են Հադրութի շրջան»: