25/05/2011 10:58
Արցախում կքննարկվեն քաղաքացիական ավիացիայի աշխատանքները
ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերով հանձնաժողովի՝ ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովը և ԼՂՀ կառավարությանն առընթեր ավիացիայի վարչությունը մայիսի 26-28-ը Ստեփանակերտում համատեղ նիստ կանցկացնեն:
Հանրային խորհրդի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նիստում կքննարկվեն քաղաքացիական ավիացիայի, այդ թվում՝ փոքր ավիացիայի զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ստեփականակերտ-Երևան ավիաչվերթի նախապատրաստման աշխատանքների ընթացքը և դրանց նպաստող անհրաժեշտ միջոցառումները` օդային երթևեկության շարժման կարգավորում, նավիգացիոն խնդիրներ (թռիչք¬վայրէջքային հարցեր, նվազագույն երթուղու տրամադրում և այլն) , որոնք ձևավորելու են ավիատոմսի արժեքը, թռիչքների կազմավորման իրավական հարցերը, օդային տարածքի օգտագործման կարգը և այլն:
Ըստ աղբյուրի, ՀՀ Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի պատվիրակությունը արտագնա նիստի՝ Ստեփանակերտ է մեկնում ԼՂՀ կառավարությանն առընթեր ավիացիայի վարչության հրավերով. վարչությունը ղեկավարում է Դմիտրի Ադբաշյանը, որը ՀԽ ավիացիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահն է:
ՀՀ ՀԽ պատվիրակությունը գլխավորում է ՀԽ անդամ, ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Հանձնաժողովից պատվիրակության կազմում Ստեփանակերտ են մեկնում նաև Իզաբելլա Մուրադյանը ենթահանձնաժողովի նախագահի տեղակալ, Վլադիմիր Քոչարյանը, Գարիկ Մկրտչյանը, Կարինե Վերդյանը և այլք: