26/05/2011 11:35
Ընդունվեց ՏՏ ոլորտի խթանման 2011 թ. ծրագիրը
Այսօր նիստում կառավարությունը հաստատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2011 թ. ծրագիրը, դրա միջոցառումների ցանկը։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ կառավարությունը, կարևորելով ՏՏ արդյունաբերության զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն, հատուկ շեշտադրել է Հայաստանում ՏՏ ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում Տեղեկատվական հասարակության ձևավորումը։
Դեռևս 2000 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ կառավարության կողմից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը ճանաչվեց Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը։ 2001թ-ին կառավարության հավանությանն արժանացավ «ՀՀ Ինֆորմացիոն (Տեղեկատվական) տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը», իսկ 2008 թ-ին «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը»։
2010 թ. հայաստանյան ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է շուրջ 55.1 մլրդ դրամ: Ներկայումս Հայաստանում գործում են մոտ 197 ՏՏ ընկերություններ, որոնցից 72-ը` օտարերկրյա (կազմելով ՏՏ արտադրանքի շուկայի մոտ 37 %-ը)։ Վերջին տասնամյակում հայաստանյան ՏՏ շուկա են ներգրավվել բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ։ ՏՏ ոլորտի ընկերությունների շուրջ 39 %-ի արտադրանքն ու ծառայություններն ունեն արտահանման ուղղվածություն` ավելի քան 20 երկրներ։ 2010 թ. ոլորտի արտահանման ծավալները կազմել են շուրջ 21.5 մլրդ դրամ։ Արտահանման ծավալների շուրջ 70 %-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին և Կանադային, 19 %-ը` Եվրամիության երկրներին, 8 %-ը` Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին։ 2010 թ. դրությամբ ՏՏ ոլորտում ներգրավված են մոտ 5000 մասնագետ։
Այնուամենայնիվ հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայիս իրավիճակը բնութագրվում է որպես հիմնականում մասնակի նվաճումների ամբողջություն, որի արդյունքները միջազգային շուկայի մասշտաբներով էական չի կարելի համարել։