26/05/2011 13:09
ԵՄ-ի հետ համատեղ` կվերագնահատվի նաև Հայաստանի ատոմակայանը
2011-ի հունիսի 1-ից սկսած Եվրամիության բոլոր 143 ատոմային կայանները կվերանայվեն ըստ ԵՄ չափորոշիչների: Նման որոշում երեկ կայացրել է Եվրոպական հանձնաժողովը:
Սրանք, ինչպես հանձնաժողովն է նշել, բազմակողմանի փորձարկումներ են, որոնք ուղղված կլինեն թե բնական, թե մարդածին վտանգների առկայության դեպքում ատոմակայանների անվտանգության ուսումնասիրությանը:
Եվրահանձնաժողովը և Եվրոպայի միջուկային անվտանգության կառավարման խումբը համաձայնեցրել է այն չափանիշները, որոնցով պետք է ընթանա վերահսկումը:
Եվրահանձնաժողովի Էներգետիկ հարցերով հանձնակատար Գունտեր Օյթինգերը այս կապակցությամբ ասել է, որ ուրախ է այն փաստի համար, որ հանձնաժողովը և անդամ երկրների համակարգողները համաձայության են եկել ԵՄ-ում և ԵՄ-ին մոտ գտնվող երկրներում ատոմային կայանների ռիսկերի և ապահովության գնահատման շուրջ:
Աշխարհում ամենաբարձր անվտանգություն ապահովելու նպատակով ԵՄ-ն դաս է քաղում Ֆուկուշիմայից և կենտրոնանում է բոլոր տեսակի բնական աղետների փորձարկումների վրա` չբացառելով նաև մարդածին դեպքերը, ինչպես ասենք ավիավթարներն են կամ ահաբեկչական հարձակումները:
Հանձնաժողովը նաև սերտ համագործակցում է ԵՄ-ի կազմում չգտնվող երկրների հետ, որոնք ունեն ատոմակայաններ, մասնավորապես Շվեյցարիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Հայաստանի հետ: Այս երկրներում ատոմակայանները նույնպես կուսումնասիրվեն և կվերագնահատվեն: