26/05/2011 10:51
Թբիլիսիում ձերբակալվել է Նինո Բուրջանաձեի որդին
Թբիլիսիում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդներից Նինո Բուրջանաձեի որդին` Անզոր Բիցաձեն: Ինչպես հաղորդում է Նովոստի Գրուզիա լրատվական գործակալությունը, Բիցաձեն ձերբակալվել է այն ժամանակ, երբ մոր հետ գնացել էր Հանրապետական հիվանդանոց`այցելելու Ռուսթավելիի պողոտայում միտինգի ժամանակ տեղի ունեցած բախման հետևանքով տուժածներին:
Միևնույն ժամանակ իրավապահ մարմինների ներկայացուցիչները ձերբակալել են նաև Բուրջանաձեի թիկնապահներին: Գործակալության հաղորդմամբ, Բուրջանաձեին չեն ձերբակալել, սակայն թույլ էլ չեն տվել որդու հետ գնալ:
Վրացական ԶԼՄ-ներն այս տեղեկատվության պաշտոնական տեսակետին չեն տիրապետում: Միևնույն ժամանակ Ռիա Նովոստին տեղեկացնում է, որ դեպի Ռուսթավելիի պողոտա տանող բոլոր փողոցները փակվել են. ոստիկանները ոչ ոքի բաց չեն թողնում դեպի պողոտա, որտեղ այսօր պետք է տեղի ունենա Վրաստանի անկախության տոնին նվիրված ռազմական շքերթ:
Ձերբակալված ցուցարարների շարքում է հայտնվել նաև ռուսական Ռիա Նովոստիի լրագրողը: Ազատ արձակվելուց հետո նա հաղորդել է, որ ոստիկանությունը հարյուրավոր մարդկանց է ձերբակալել և բերման ենթարկել Թբիլիսիի ոստիկանական բաժանմունք: Թղթակցի խոսքով, նրանցից ոմանք ծեծի էին ենթարկվել, ոմանք արյունոտ էին, ոմանց էլ շարունակում էին ծեծել ոստիկանական բաժանմունքում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալներով միտինգի ցրման ժամանակ 19 մարդ է տուժել: Դրանից բացի, մահացել է նաև մեկ ոստիկան, ով ընկել է Ռուսթավելիից գնացող ընդդիմության առաջնորդների մեքենայի տակ: Թե ով էր մեքենայի ղեկին, հայտնի չէ: Վրացական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ դա եղել է Նինո Բուրջանաձեի ամուսինը` Բադրի Բիցաձեն:
Ինքը` Բուրջանաձեն, այդ տեղեկատվությունը հերքել է: Նա նաև հայտնել է, որ ամուսնու գտվելու վայրի մասին ոչինչ չգիտի:
Արդեն մայիսի 25-ին ընդդիմության մի քանի հազար հետևորդներ դուրս էին եկել Ռուսթավելիի պողոտա` պահանջելով նախագահի հրաժարականն ու մտադիր են ձախողել այսօր կայանալիք շքերթի անցկացումը: