27/05/2011 10:20
ԱԳՆ. Դովիլում ընդունված հայտարարությունը կարող է խթան հանդիսանալ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արձագանքել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Դովիլում ընդունված հայտարարությանը: ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է.
«Մենք բարձր ենք գնահատում Նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Այսօր, Դովիլում, Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունը կարևոր ուղերձներ է պարունակում և կարող է խթան հանդիսանալ հիմնախնդրի հանգուցալուծման համար:
Հայաստանը միշտ կողմնակից է եղել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը և բազմիցս դա ապացուցել է գործնականում, ուստի պարզ է, թե ում է ուղղված այս առնչությամբ հայտարարության մեջ պարունակվող միանշանակ ուղերձը»:
Ըստ աղբյուրի, հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին` որպես հիմնախնդրի կարգավորման համար բանակցությունների հիմք:
Եթե Ադրբեջանը տա իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, թե ում է հասցեագրված հայտարարության մեջ նաև այս կապակցությամբ հնչեցված ուղերձը: