27/05/2011 15:40
Մորմոնները` հետախույզներ, պատգամավորները` աղանդավորներ
«Մորմոնների նպատակն ամերիկյան հետախուզությունն է, և նրանց պետք չէ, որ հայերը դառնան մորմոն. Չեմ ուզում մտածել, որ մեր պաշտոնյաները չեն հասկանում սա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Նա նշեց, որ մորմոնները մտնում են ամեն ոլորտ, հավաքում են տեղեկատվություն, ԱՄՆ պետդեպարտամենտն էլ ամեն տարի Հայաստանի մասին հաշվետվություններ է ներկայացնում հենց մորմոնների հաղորդած տվյալներով. «Որտեղի՞ց է ԱՄՆ-ին այդ ինֆորմացիան, եթե ոչ մորմոններից: Մեր պաշտոնյաները շատ ակտիվ են երկրորդական օրենքների ընդունման հարցում, իսկ այս ամենին ինչո՞ւ չեն նայում»:
Մորմոնների թիվը հաստատուն է, նրանք 2000 հոգի են, դրանցից 70 հոգին ամերիկացի են, ովքեր սովորում են հայոց լեզուն, նիստուկացը, հետագայում, ավարտելով երկու տարվա իրենց ստաժորական աշխատանքը, տեղափոխվում են իրենց բնակավայր և ընդունվում հատուկ ծառայության` աշխատանքի: Մորմոնների մասին իր այս տեղեկատվությունը հայտնեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման կենտրոն»-ի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը:
«Մորմոնների ղեկավարների ցանկում կա հատուկ հաստիք` դեսպանատան աշխատող: Ժամանակին դա քաղաքացիական խորհրդատու Ահարոն Շիրինյանն էր, մինչ այժմ էլ ամենը նույն կերպ շարունակվում է»,- ասաց Ա. Ամարյանը:
Նա նշեց, որ մորմոնները հիմականում բազաներ են ունենում այն վայրերում, որտեղ զորամասեր կան, օրինակ` Արտաշատում մորմոնական եկեղեցին ռուսական զորքերից 200 մետր հեռավորության վրա է գտնվում:
«Հոգևոր վտանգի տակ ենք գտնվում բոլորս: ՀՀ-ում 300 հազար նոր կրոնական կառույցների ներկայացուցիչներ կան, և սա վտանգավոր է ոչ միայն հոգևոր տեսակետից»,- ահազանգեց Ալեքսանդր Ամարյանը:
Նա տեղեկություններ ներկայացրեց նաև, որ ընտրությունների նախաշեմին արդեն որոշ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների առաջնորդների հետ բանակցություններ են ընթանում: Կուսակցությունների անունները Ամարյանը չնշեց` ասելով, որ միայն եթե համապատասխան մարմինները հետաքրքրվեն, ինքը կհրապարակի կուսակցություների անունները:
«2008թ.-ի մարտի մեկի դեպքերին էլ են ներկա գտնվել կրոնական կառույցներ, իսկ այժմ չորս կրոնական կառույցներ միացել են իրար, 200-220 հազար հոգի միավորվել են մեկ կառույցի շուրջ, և չի բացառվում, որ հաջորդ ընտրություններից հետո խորհրդարանում լինեն աղանդավորական շատ ներկայացուցիչներ»,- նախանշեց Ա. Ամարյանը: